Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։
Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին» օրենքներում և հարակից այլ իրավական ակտերում նախաձեռնված փոփոխությունները։
Ըստ նախարարի՝ բնակչության պետական ռեգիստրը պետք է լինի ինքնին որոշակի ծառայությունների մատուցման աղբյուր և պետության հուսալի գործիք՝ տարբեր ոլորտային ռազմավարական մոտեցումներ որդեգրելու համար։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի, բարձրաձայնել են նախագծերի տարբեր դրվագներում իրենց առաջարկները, որոնք բազմակողմ քննարկվել են, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Միգրացիոն գործընթացների արդիականացումը կնպաստի դրանք համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելու հանձնառությանը՝ միաժամանակ ծառայելով նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում առաջադրվելիք թիրախներին հասնելու գործընթացին։
