2025-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատով դիմակայուն ինստիտուտներ ձևավորելու համար. Արփինե Սարգսյան

ՆԳՆ ձևավորմամբ մեկնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվել է 2024թ-ին և մտել է անկասելի ընթացքի փուլ։ 2025թ-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատի ներքո դիմակայուն ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Այս ինստիտուտները պետք է գործեն բարձր պրոֆեսինալիզմի ստանդարտներով՝ նպատակ ունենալով լավագույն ծառայությունները մատուցելու մեր քաղաքացիներին և ապահովել ներքին անվտանգային միջավայրը։

Ի դեպ, ասուլիսի վայրի՝ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նոր վարչական համալիրի ընտրությունը խորհրդանշական է՝ հաշվի առնելով այն ժամանակակից ստանդարտները, որոնք այստեղ ապահովել ենք մեր ծառայողների համար՝ երաշխավորելով բարձր պրոֆեսիոնալիզին անհրաժեշտ նախադրյալներ։

Փաստեմ, որ 2024թ-ը լի էր մարտահրավերներով, սակայն չնայած դրան ավարտին են հասցվել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնցից հատկանշական է Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման աշխատանքների ավարտը։ Այսինքն՝ ամբողջապես ձևավորվել է ժողովրդավարական նոր ինստիտուտ՝ այդպիսով երաշխավորելով բարձր հաշվետվողականություն խորհրդարանի, և դրանով իսկ նաև ժողովրդի հանդեպ։ Մեր դրած հավակնոտ նպատակներին հասնելն անհնարին կլինի առանց պրոֆեսիոնալ մարդկային ներուժի, որի ձևավորմանն ու զարգացմանն է ուղղված նաև ՆԳՆ մեկ-միասնական կրթահամալիրի ստեղծման աշխատանքները։ 2024թ-ին դրվել են այդ աշխատանքների օրենսդրական հիմքերը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մասշտաբային բարեփոխումներին գործուն օժանդակություն են ցուցաբերել նաև միջազգային գործընկերները։

«Միջազգային համագործակցության ոլորտում մեր ջանքերի կարևոր գնահատական է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը։ 2024թ-ին տվեցինք նաև երկխոսության գործնական փուլի մեկնարկը և ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում կունենանք կոնկետ գործողությունների ծրագիրը, որը միգրացիայի կառավարման, հանրային ծառայությունների մատուցման, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրային անվտանգության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ է։ Գործընթացի բովանդակային առաջնորդությունն իրականացնելու է Ներքին գործերի նախարարությունը։

Միջազգային գործընկերության համատեքստում բավականին լայն համագործակցություն ունենք նաև ԱՄՆ գործընկերների հետ, ովքեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Այս մասին շեշտադրում է կատարվել նաև երկու օր առաջ Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ»,- ասել է նախարարը:

Կիսվել ձեր ընկերների հետ