«Մեզ ստեղ չթողեք, գիտես՝ ինչ պիտի անեք»․ ի՞նչ է զnհվելուց առաջ կապիտան Մաթևոսյանը հրահանգել զինվորներին

Ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն Արայիկին Ակի էին դիմում, զինվորների համար նա պարոն կապիտան էր, բոլորի համար առաջին հերթին ընկեր, մտահոգ ու անհանգիստ սպա։

Արայիկ Մաթևոսյանը, չնայած 38 տարեկան էր, զինվորականի 20 տարվա փորձ ուներ՝ մասնակցել է բոլոր պատերազմներին ու տեղային մարտերին։ Մայրը՝ Մարինե Մելքումյանը, MediaHub-ին ասում է, որ որդին դեռ փոքր ժամանակից չենթարկվող տեսակ էր, հումորի բարձր զգացողությամբ ու տարիքին անհամապատասխան հասունությամբ։

«Որպես զինվորական, իր համար ամենաօրինակելի կերպարը եղել է ամուսինս՝ Գագիկ Մաթևոսյանը։ Նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Ակին շատ փոքր էր, ընդամենը 4-5 տարեկան, բայց այնպես էր ոգևորվում համազգեստով, հետաքրքրվում զինվորական կյանքով, հորն անընդհատ հարցեր էր տալիս ռազմական գործից։ Ամուսնուս ընկերն է առաջինը նկատել, որ որդիս զինվորական պիտի դառնա՝ զուսպ ու կշռադատված լինելու պատճառով»,- ասում է հերոսի մայրը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելով` Արայիկը զինվորականի ուղին սկսել է Տավուշի զորամասերից մեկում, հետո տեղափոխվել է Վանաձոր։ Մոր խոսքով՝ թիկունքային ծառայությունն այնքան էլ իր սրտով չէր, այդ իսկ պատճառով 2016 թվականին, երբ Արցախում սկսվեց ապրիլյան քառօրյա առճակատումը, նա սեփական դիմումի համաձայն տեղափոխվեց Արցախ՝ Եղնիկներ։

«Դուք չեք պատկերացնում, թե ինչպես է սիրահարվել Արցախին, այնպիսի հիացմունքով էր խոսում, նույնիսկ Աբովյանից մեզ էր հրավիրում այնտեղ ապրելու։ Ակիի շնորհիվ մենք էլ սիրեցինք Արցախը, հաճախ էինք այցելում։ Ազատ ժամանակ տեսակապով էինք խոսում, կամ նկարներ էր անում ուղարկում, ասում էր՝ «էս սարերից, էս բնությունից ո՞նց կտրվեմ»»,- հիշում է տիկին Մարինեն։

Արայիկի խոսքի հետ նրա ծնողները հաշվի են նստել, երբեք նրա որոշումներին չեն միջամտել, չեն խառնվել։ Մայրն ասում է՝ «ինքնուրույն էր կայացնում որոշումները, մենք էլ հպարտանում էինք»։

2020 թվականին Եղնիկներում թեժ մարտեր էին։ 44-օրյա պատերազմում Արայիկից բացի կամավորական հիմունքներով Արցախում էին նաև նրա հայրն ու եղբայրը՝ ազատամարտիկ Գագիկ Մաթևոսյանն ու մասնագիտությամբ բժիշկ Աբել Մաթևոսյանը։ Ադրբեջանցիները հոկտեմբերին գրավում են «Արեգասար» բարձունքը։ Երիտասարդ հրամանատարի և ռազմարվեստից լավ հասկացող զինվորականների համար հետգրավումը ռազմավարական նշանակություն ուներ։ Այդ գործողությունների ընթացքում Արայիկը վիրավորվում է։

«Արցախի հոսպտալում բուժում էր ստանում, թևն էր վիրավորվել, բայց վիճակը ծանր էր, նրան մի կերպ համոզել ու տեղափոխել են Երևան։ Այստեղ 2-րդ վիրահատություն պիտի լիներ, բայց չմնաց, ասում էր՝ «զորքս մենակ է, ինձ վիրահատություն պետք չի, ես լավ եմ», ու գնաց։ Մի առանձնահատուկ հոգատարություն ու վերաբերմունք ուներ ժամկետային զինծառայողների նկատմամբ։ Սերն ու հարգանքը փոխադարձ էր։ Արայիկը որքան ընկերական, նույնքան և խստապահանջ էր, այդքանով հանդերձ՝ բոլորի սիրելին»։

Մոր խոսքով՝ Արայիկն ամուսնացել է, բայց նրա ընտանիքը մնացել է հայրենի Աբովյանում, իսկ ինքը տեղափոխվել է Արցախ։ Երջանիկ էր, արդեն լուր ուներ՝ տղա է ծնվելու։ Բայց բլոկադան փոխեց ամեն ինչ։

«Արդեն 20 տարին լրացել էր, պիտի զորացրվեր։ Ասացի՝ Ակի, ինչ լավ ա, վերջապես կգաս, երեխան էլ կծնվի, տնից մոտ մի տեղ կծառայես, ընտանիքիդ կողքին կլինես։ Հումորով ասաց ՝ «հայաստանցիքով մեզ կերաք» ու ծիծաղում էր, ցույց տվեց իր նոր անձնագիրը՝ 070 կոդով։ Ասաց, որ հրամանատարական կազմը երկարացրել է իր ծառայության ժամկետը, իսկ ինքն արդեն Արցախի քաղաքացիություն ունի։ Բլոկադայի ժամանակ ծնվեց որդին, իր ցանկությամբ անունը դրեցինք պապի՝ Գագիկի անունով»,- արտասվում է Մարինեն, ափսոսում, որ Արայիկն այդպես էլ չհասցրեց տեսնել ու գրկել որդուն, բլոկադա էր, հետո՝ պատերազմ, որի ժամանակ անմահացավ, և որդին՝ կապիտան Մաթևոսյանը։

Մինչև Արցախի պաշարումը Արայիկը հնարավորություն ուներ գալու Կարմիր խաչի միջոցով։ Բայց նա բացառել է՝ ասելով․ «Ինձ հետ, թե առանց ինձ՝ տղաս մեծանալու ա, զորքին մենակ չեմ թողնի, վիճակն օր օրի լարվում ա»։

Փոքրիկ Գագիկի հետ նա շփվում էր տեսազանգով։ «Որոշողն ինքն էր, մենք դեմ չէինք, ասում էինք՝ դու ոնց ուզես, քեզ ոնց հարմար ա»,- ասում է մեր զրուցակիցը։ Պատերազմից առաջ Արայիկը զանգել է տնեցիներին, խոսել են երկար, իրեն հատուկ հումորով, տրամադրությունը տեղը։ Ինքն էլ ինչպես միշտ, «ինչպե՞ս ես» հարցին մեկ պատասխան էր տալիս՝ «գեր-գերազանց»։

Սեպտեմբերի 19-ին Արցախի հյուսիսային սահմանը հրթիռակոծվում էր ադրբեջանական բանակի զինանոցի բոլոր զինատեսակներով։ Կապիտան Մաթևոսյանն իր զորքի հետ թեժ կետերում էր։ «Ինքը «07» պոստում էր, երբ «06»-ի հետ կապն ընդհատվել է, փորձել է գնալ։ Դա իրարից հեռու, իսկ այդ օրերին վտանգավոր տեղանք է։ Կամբատը բացառել է, ասել է «մի գնա, թող հանդարտվի, հետո կբարձրանաս, չի իմացվի ինչ կլինի», Ակին ասել է՝ «տղուս արև, էլ չեմ դիմանում, պիտի գնամ, տղերքը մենակ են»։ Իր հետ նույն դիրք բարձրանալու պատրաստակամություն է հայտնել նաև զինվորներից Արո Դանիելյանը, ասել է՝ «ես գոնե տղա ունեմ, ախպոր պես դու մի արի, դեռ դու էլ պիտի ունենաս», ոնց որ փրկի տղայի կյանքը։ Երբ հասել է տեղ, ադրբեջանական զինուժը ավիացիա է կիրառել, տղաս ծանր վիրավորում է ստացել։ Կապ է տվել «07»-ի տղերքին, ասել վերջին խոսքերը․ «Մեզ ստեղ չթողեք, գիտես ինչ պիտի անեք»։ Նրա զինվորները գիտեին, որ ոչ մի աճյուն չպետք է մնար դիրքերում։ Կրակը հանդարտվելուց հետո Արայիկի ու մյուսների դիերն իջեցվել ու տարհանվել են այդ տարածքից»։

Որ հարազատներից մոտ լինի, ծնողները նրան հուղարկավորել են Աբովյան քաղաքի գերեզմանատանը։

«Ես ու ամուսինս որոշել ենք, որ նրա տապանաքարի մոտ տեղադրենք նաև Եղնիկներում անմահացած իր զինվորների նկարները, քանի որ շատ էր սիրում իր զորքին, թող միշտ իրար հետ լինեն»,- հավելում է Մարինե Մելքումյանը։

Նրա հուղարկավորմանը մասնակցել են հրաշքով փրկված իր զինվորները, բարձրաստիճան զինվորականներ ու ծնողների համար անծանոթ մարդկանց մի ողջ բազմություն, ովքեր շփվել են Արայիկի հետ, կարճ ժամանակում՝ ընկերացել. նրանք էլ եկել էին Ակիին վերջին հրաժեշտը տալու…

Կիսվել ձեր ընկերների հետ