Այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ հոկտեմբերի 20-ին օկուպացված Արցախում հայ կին է մահացել։ Նշվում է, որ 70-ամյա Վերա Աղասյանը Ստեփանակերտի իր տանը մահացել է սրտի կաթվածից։
MediaHub-ը փորձեց գտնել տարեց կնոջ հարազատներին, սակայն, Արցախում մնացած հայերից մեկի հարազատը, որ բնակվում է Վանաձորում, մեզ փոխանցեց, որ իր տեղեկություններով՝ Վերան որևէ հարազատ չի ունեցել։
«Վերան, ինչպես նաև իմ ամուսնու եղբայրն ապրում էին Ստեփանակերտի նախկին «Դղյակ» հյուրանոցում, որը ադրբեջանական Կարմիր մահիկի կողմից օգտագործվում է որպես հայկական ճամբար։ Երբ տեսազանգով խոսում էինք մեր հարազատի հետ, ասում էր, որ Արցախում մնացել է 4 կին։ Մեկի անունը Լարիսա է, մյուսները՝ Ռիտան, Պանդորան ու Վերան։ Զանգերի օրը Պանդորան ու Վերան ոչ ոքի հետ չէին խոսում, քանի որ հարազատներ չունեն Հայաստանում։ Հնարավոր է, հեռու բարեկամներ ունեն, բայց նրանց հետ կապ չէր պահում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա Արցախում մնացած ամուսնու եղբոր հետ ընթացիկ ամսում չի խոսել, սակայն, հիշում է, որ Վերան հիմնականում անկողնային վիճակում է գտնվել, ճամբարի տարածքից դուրս չի եկել։
«Չգիտեմ, գուցե գնացել է իր տուն ու այնտեղ է մահացել, բայց որքանով հիշում եմ՝ նրա տունը պետք է լիներ Իվանյանում։ Ամեն դեպքում ես շատ փոքր մարդ եմ մեղադրելու, թե ինչի համար են մնացել այնտեղ, դա իրենց կամքն էր»,- հավելեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: