Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ կոորդինատներ տամ, հա՞, լո՞ւրջ եք ասում, ուզում եք զորամիավորումների կոորդինատնե՞ր տամ. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե սահմանին որտե՞ղ են հայկական ուժերն առաջ, որ պետք է հետ գնան, ինչպես ավելի վաղ ինքն էր հայտարարել։
«Ակնհայտ է, դա նաև երևաց Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր իրենք։ Սահման է, եթե սահմանազատված չէ, այդ խնդիրը կա։ Վերևից մինչև ներքև պետք է սահմանը վեր հանենք»,-նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանը նման հայտարարությունը վտանգավոր չի համարում, քանի որ, ըստ նրա, առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, և Ադրբեջանի տարածքի եռանկյունին ՀՀ տիրապետության մաս է, ՀՀ-ինը՝ Ադրբեջանի։
«Իմ ասածն այն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք՝ իրենք պետք է առաջ գնան, և որը մերն է՝ մենք»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը 200 քառակուսի կմ-ի չափով ՀՀ տարածքի մեջ է և պետք է հետ գնա։