Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շփվում է իր ընկեր Արթուր Վանեցյանի հետ:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խի նման բան գոյություն ունի՞։ Հիմա այն Վանեցյանի՞նն է, Սերժ Սարգսյանի՞նն է, թե ումն է»։
Հարցին՝ իրեն չի մտահոգում այն, որ ըստ հարցումների բնակչության 70 տոկոսը չի վստահում թե իշխանություններին, թե ընդդիմությանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հիշո՞ւմ եք, որ նախորդ ընտրություններից առաջ էլ հարցումներ էին հրապարակվել, 60 տոկոսը հրաժարվում էր պատասխանել: Կսկսի քարոզարշավը, դեռ 1 տարի 8 ամի կա, չգիտեմ՝ այս ընթացքում ինչ տեղի կունենա, կկարողանանք էլի դրական բաներ անել Հայաստանի համար, մեր ասելիքը կհասցնենք մեր քաղաքացիներին, թե չենք հասցնի, կգնան կքվեարկեն: Բայց լավն այն է, որ ոչ դուք, ոչ որեւէ մեկը չի քննարկում, որ ընտրությունները կեղծվելու են, չեն ներկայացնելու այն, ինչ մեր քաղաքացիները քվեարկում են»: