Ես էլ արգելել եմ, լավ եմ արել. Փաշինյան

Ինչ իրավական հիմքով են հանձնվել Շուռնուխի, Կիրանցի հատվածներում Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները. Եթե չկա այդպիսի իրավական հիմք, հիմո նոր այս կանոնակարգով է ստեղծվում այդ հիմքը, ապա ձեր գործողությունն ինչպես կբնութագրեք՝ հանցագործությո՞ւն, ապաշնորհությո՞ւն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Երկրորդ, եթե նոր է ստեղծվում իրավական հիմքը, հնարավո՞ր է, որ նոր տարածքներ հանձնվեն թշնամուն: Հիշեցնեմ, որ միայն ձեր ժամանակահատվածում է, որ խոսում ենք Հայաստանի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքների հանձնման մասին»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանն արձագանքեց. «Նախ եկեք արձանագրենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որեւէ մեկը երբեւէ տարածք չի հանձնել, եթե չանդրադառնանք 1920 թվականին, երբ ՀՅԴ-ն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հանձնեց: Ձեր ստեղծած իրականության մեջ մի ապրեք»:

Ապա նա ամբիոնի մոտ հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց. «Ես իմ անձնական որոշմամն այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին (նկատի ունի խաղաղության պայմանագրի նախագիծը-խմբ): Դուք էդ թղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող, սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել, ես էլ արգելել եմ: Լավ եմ արել: Որովհետեւ, դուք գնաք տեքստը կարդաք, հետոգաք դրա մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սենց սուս ու փուս նստե՞նք: Ո՞րն է այդտեղ տրամաբանությունը:

Ես այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք որպես պատգամավորներ, ծանոթ լինեք պրոցեսին: Ավելին ասեմ, երեւի ՔՊ-ից շատ պատգամավորներ ծանոթ չեն այդ տեքստին, չեն կարդացել, չնայած ես իրենց հետ հանդիպումներին ամբողջ տեղեկատվությունը ներկայացնում եմ: Հիմա դատի եք տվել, լավ եք արել, դատարանը թող որոշի: Մենք էլ մեր դիրքավորումը կունենանք դրան»:

Փաշինյանի խոսքով, այո, ՀՀ տարածքներից ավելի քան 200 քկմ տարածք օկուպացված է, բայց նաեւ ասում ենք, որ ռազմական ճանապարհով դրանք վերադարձնելու խնդիրն չենք դնում, քանի որ այդ կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի:

Անդրադառնալով նրան, որ Կիրանցի եւ Շուռնուխի մի շարք բնակիչներ անգամ սեփականության վկայականներ են ունեցել, սակայն այդ տարածքները տրվել են Ադրբեջանին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ պետք է հասկանանք, թե ինչ հիմքեր ունեն այդ սեփականության վկայականները: Մենք այդ հիմքերը չենք գտել, եւ այդ սեփականության գնահատականներ տալու առիթը ուղարկված է իրավապահ մարմիններին, թե ոնց է, որ իրավական հիմքը չկա, բայց վկայականը կա:

Ինչ վերաբերում է նրանո, որ իմ որոշմամբ է արգելվել, այո, այս երկրում շատ բան է տեղի ունենում իմ որոշմամբ, քանի որ ես երկրի վարչապետն եմ: Բոլոր հիմքերը կան»:

Կիսվել ձեր ընկերների հետ