Աշնանը սուր շնչառական վիրուսները ակտիվանում են, տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Աշնանից մինչև գարնան սկիզբ համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։
Oragir.News-ը սուր շնչառական վարակների տարածման, դրանց կանխարգելման մասին զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։
Նրա խոսքով՝ ներկա պահին ամենատարածվածը սուր շնչառական վարակներն են, քանի որ դրանց սեզոնն է։ Վարակների համաճարակաբանական առանձնահատկությունն է՝ ակտիվանալ աշնանը և ակտիվությունը կպահպանվի նաև ձմռանն ու գարնան սկիզբ։
«Այս առումով ներկայումս իրականացվող համաճարակաբանական հսկողության շրջանակներում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սուր շնչառական վարակների՝ ռինովիրուս, պարագրիպ հարուցիչներ։
Եվ այս համատեքստում կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, քանի որ պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ, առնվազն սեզոնային գրիպի 4 տեսակներից պաշտպանված ես լինում»,- ասաց նա։
Հարցին՝ որ տարիքային խմբի մոտ է ավելի ծանր ընթանում հիվանդությունը, ովքեր են ռիսկային խմբում, Գրիգորյանը պատասխանեց․
«Իհարկե հիվանդանում են բոլորը, սակայն հիվանդությունն առավել ծանր կարող է ընթանալ մեծահասկաների, ուղեկցող հիվադություններ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում, իմունային անբավարարվածությամբ անձանց, երեխաների՝ մինչև 5 տարեկան, հղիների շրջանում։
Այդ համատեքստում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հենց առաջնահերթ առաջարկվում է պատվաստվել հենց այս խմբերին, քանի որ պատվաստելով կանխարգելում ենք ոչ միայն հիվանդության առաջացումը, այլ նաև առաջացման դեպքում՝ հիվանդության ծանր դեպքերի, մահվան կանխարգելումը»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ եթե արդեն վարակվել են, ինչպես պետք է պայքարել հիվանդության դեմ, Գրիգորյանը նկատեց՝ այդ դեպքում պետք է հստակ բուժում ստանալ։
«Այս դեպքում չենք խոսի կանխարգելման մասին։ Սակայն պետք է աշխատենք, որ այդ անձը վարակի աղբյուր չդառնա իր շրջապատի համար՝ կիրառելով բոլոր կանխարգելիչ միջոցառումները։ Այսինքն՝ հիվանդության նշաններ արձանագրելիս մարդը հանրային վայրեր չհաճախի, ուսումնական հաստատություններ, աշխատանքի չհաճախի, մնա տանը, ինքնաբուժմամբ չզբաղվի և հետևի բժշկի ցուցումներին»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ հիվանդությունը դրսևորվում են սուր շնչառական վարակներին բնորոշ կլինիկական ախտանշաններով։
«Այսինքն՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթահոսություն։ Որոշ դեպքերում կարող են լինել մկանացավեր։ Այսինքն՝ այն կլինիկական երևույթներն են, որոնք ընդհանուր են բոլոր սուր շնչառական վարակների համար»,-ներկայացրեց նա։
Գրիգորյանի գնահատմամբ՝ ուսումնական հաստատություններում անընդհատ իրականացվում են իրազեկման աշխատանքներ։ Սակայն, Գրիգորյանը շեշտում է՝ ներկա պահին սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն չի դրսևորվում հանրապետությունում։
«Եթե համեմատենք անցյալ շաբաթվա հետ, ապա ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են, իսկ եթե համեմատենք 2023թ․-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա նույնիսկ որոշակի ցածր է ցուցանիշը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
