Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին

Լուսանկարում Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից Փայլակ Հարությունյանն է։ Այսօր նա կդառնար 31 տարեկան։ Սակայն, մեկ տարի առաջ Արցախի դեմ իրականացված ռազմական օպերացիայի ժամանակ, ԱԱԾ երիտասարդ սպան նույնպես զոհվեց հայրենիքի պաշտպանության սահմանին։

«Մեկ տարի առաջ այս օրը, երբ Արցախում բլոկադայի ծայրահեղ ծանր իրավիճակում էինք, ընկերների հետ եկավ մեր տուն, նշեց ծննդյան 30-րդ տարեդարձը։ Ոչխար էինք մորթել, տան եղած-չեղածով սեղան բացել։ Ընկերները հիմնականում ծառայողներ էին, զանգ ստացան, որ համար 1 հրաման է իջեցվել ու նրանք գնացին իրենց մշտական տեղակայման վայր»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Փայլակի եղբայրը՝ Լևոն Հարությունյանը։

ԱԱԾ առաջին վաշտը տեղակայված էր Սոսում։ Լեյտենանտ Հարությունյանն ու ընկերները գիշերել են այնտեղ։ Առավոտյան արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի։ Իրենց ստորաբաժանումն արդեն գիտեր անելիքը։ Փայլակը դիրքեր բարձրանալիս հասցրել է մտնել տուն ու հրաժեշտ տալ հարազատներին։

«Մայրս միշտ դա է հիշում, որ Փայլակը վերջին պահին եկել ու գրկել է բոլորին, կարծես սիրտը զգում էր, որ վերջին անգամ է տեսնում։ Այդ օրը Մարտունու շրջանի ուղղությամբ թեժ մարտեր են ընթացել։ Սեպտեմբերի 20-ին իրենց ստորաբաժանման ծառայողները պետք է օգնության հասնեին «Լուսնյակ» դիրքի անձնակազմին։ Ճանապարհին, սակայն, ադրբեջանցիները նկատել ու կրակել են իրենց ուղղությամբ և Փայլակը գլխի շրջանում գնդակային ծանր վիրավորում է ստացել»։

Ընկերները նրան իջեցրել են դիրքային հատվածից ու շտապ օգնության մեքենայով տեղափոխել Ճարտարի հիվանդանոց, այնտեղ առաջին օգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխել են Մարտունի։

«Նույն օրը Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը փակվեց ու Փայլակի տեղափոխումը Ստեփանակերտ դարձավ անհնարին։ Սեպտեմբերի 20-ին Փայլակը մահացավ Մարտունու հիվանդանոցում։ Նույն օրը ձեռք բերվեց կրակի դադարի մասին պայմանավորվածություն։ Եղբորս դին տեղափոխեցինք մեր գյուղ, այնտեղ արդեն պատրաստ էր գերեզմանափոսը։ Սակայն, մերոնց խնդրեցի, որ գյուղում չհուղարկավորեն, քանի որ Արցախը հայաթափելու խոսակցություններ էին գնում»,-պատմում է եղբայրը։
Լևոն Հարությունյանը դժվարին բանակցություններով Փայլակի մարմինը տեղափոխում է Ստեփանակերտ։ Եղբայրական հուշահամալիրում իրար հետևից թաղումներ էին կատարվում։ Դիահերձարաններում տեղ չկար, հոսանք չլինելու պատճառով սառցարանները չէին աշխատում։ Փայլակը ևս հուղարկավորվում է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ