2020 թվականը բոլորիս ցույց տվեց ՝ ամբողջ աշխարհը հնարավոր է «փակել», ամիսներով կտրվել կյանքից և մարդկանց պահել փակի տակ։ Այն, ինչ ցույց էին տալիս ֆիլմերում՝ դատարկ փողոցներ, էպիդեմիա, միլիոնավոր մահեր դարձավ իրականություն։
Թվում է դա անցյալում է, սակայն, COVID-19-ը ոչ մի տեղ չի գնացել, ավելին վերադարձել է։
ԱՀԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:
Բացի COVID-19-ից, փորձագետները ահազանգում են նոր մահացու հիվանդության՝ Օրոպուշի մասին, որի դեմ պատվաստանյութ դեռ չկա, բայց այն արդեն հասել է Եվրոպա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներին։ Վերջին երկու ամսվա ընթացքում եվրոպացի բնակիչների մոտ գրանցվել է պոտենցիալ մահացու նոր վիրուսով վարակվելու 19 դեպք։ Հայտնի է, որ վիրուսը տարածվում է միջատների՝ մրջյունների և մոծակների խայթոցների միջոցով։
Արդյո՞ք COVID-19-ը կամ նոր այս վիրուսը կտարածվեն Հայաստանում, արդյո՞ք ռիսկ կա, որ ամբողջ աշխարհում կրկին կարող է կարանտին հայտարարվել. MediaHub-ը զրուցեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ, որը նշեց՝ «արձանագրելու համար COVID-19-ը հետ եկել է, թե՞ ոչ, պետք է արձանագրել COVID-19-ը եղե՞լ է Հայաստանում»։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրահանգել էր, որ բոլոր թոքաշնչառական վարակները դիագնոզեն որպես COVID-19-ը, ինչը նոնսենս է՝ գիտության մեջ նման բան չկա։ Առ այսօր մենք չգիտենք այդ վարակը արդյո՞ք եղել է, քանի՞ հոգի է այդ վարակից մահացել։ Հազարավոր մարդիկ մեր երկրում տեղյակ չեն իրենց հարազատները ինչի՞ պատճառով են կյանքից հեռացել»,– ասաց Գրիգորյանը։
Շատ անգամ մարդկանց կամքին հակառակ տարել են հիվանդանոց, ըստ Գրիգորյանի, երկու–երեք օրից սև պարկի մեջ մարմինը հանձնել են հարազատներին․ «Եվ եթե հիշեք՝ խոսակցություններ կային, որ հարզատները բողոքում էին՝ ատամները ջարդված և բերանները սքոչով կապած էին սև պարկի մեջ հանձնում»։
Ապա շարունակեց.
«Մեր մոտ շնչառական վարակները միշտ էլ եղել են, աշնանը նման դեպքերի աճ է գրանցվում ու դա այլ հարց է՝ այդ վարակները իրականում կախտորոշվեն որպես իրական վարակներ, թե անունը կդնեն COVID և ինչպես դրսից հրահանգել են՝ քովիդափսիխոզով կփորձեն ահաբեկել մեր բնակչությանը, ինչպես մի անգամ արդեն արեցին»,– նշեց նա։
Իսկ նոր տարածվող մահացու որակվող հիվանդության մասով էլ Գրիգորյանը նշեց՝ այդ վիրուսը նոր է հայտնաբերվել, մոծակներն են տարածում, կասկածներ կան, որ լատինոամերիկյան երկրներում կենսաբանական փորձակումների արդյունքում է առաջացել, մեր մոտ ևս այդ մոծակները հայտնվել են և հիպոթետիկորեն հնարավոր է տարածումը, բայց պանդեմիայի կամ լայն տարածման վտանգ Գրիգորյանը չի տեսնում։ Ասում է դեպի սեպտեմբեր եղանակը կփոփոխվի և ռիսկը կնվազի։
Հոդվածն ամբողջությամբ՝ mediahub.am կայքում:
