Երիկամաքարային հիվանդություն. Ուրոլոգ-անդրոլոգը՝ առաջացման պատճառների ու բուժման մեթոդների մասին

Հայաստանը, գտնվելով երիկամաքարային հիվանդության էնդեմիկ գոտում, ունի անհրաժեշտ բժշկական միջոցներն ու եղանակները՝ խնդրի ախտորոշման, բուժման և կանխարգելման գործում։

Aysor.am-ը երիկամաքարային հիվանդությունների առաջացման, ախտանշանների և բուժման ժամանակակից մեթոդների մասին խոսել է բժիշկ, անդրոլոգ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։

— Ինչի՞ց են առաջանում երիկամային քարերը, կա՞ արդյոք ժառանգական նախատրամադրվածություն։

— Երիկամաքարային հիվանդություն ունենում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, և այդ խնդրով զբաղվում է բժիշկ-ուրոլոգը։

Մեր երիկամը անընդհատ ֆիլտրում է ինչ-որ նյութեր, այդ նյութերը նստվածք են թողնում երիկամի պատերի վրա և կուտակվելով ձևավորում են քարեր. մի քանի միլիմետրանոց գոյացություններն անվանում ենք ավազ, իսկ մնացածը՝ քար։

Ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր ունի, բայց ոչ թե հիվանդությունն է ժառանգվում, այլ, տվյալ դեպքում, ռիսկն է բարձրանում. երբ նրանք խախտում են առողջ ապրելակերպի կանոնները, ապա ավելի հավանական է, որ իրենց մոտ կզարգանա խնդիր։

— Ի՞նչ ախտանշաններով է ուղեկցվում երիկամաքարային հիվանդությունը, առանց հետազոտության հիվանդը կարո՞ղ է հասկանալ, որ իր մոտ կա խնդիր։

— Ախտանիշներ որպես այդպիսին չկան, երիկամն ինքնին ներվավորում չունի, բայց եթե քարը շարժվեց դեպի ավազան, դեպի միզածորան, այն կուղեկցվի անտանելի ցավերով, մեզում ևս կարող է դիտվել արյուն։

— Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի հիվանդը՝ խնդրի ախտորոշման համար և ու՞մ դիմի։

— Եթե կա երիկամաքարային խիթ, առաջին հերթին պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն, անհրաժեշտ կլինեն նաև մեզի ընդհանուր և մանրէաբանական քննություն։ Խնդրի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի-ուրոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

— Ի՞նչ եղանակներ կան երիկամային քարերի հեռացման համար։

— Հիմնականում կիրառվում են ժամանակակից էնդոսկոպիկ միջամտությունները։ Նախ անհրաժեշտ է ԿՏ հետազոտություն, որը ցույց կտա քարի պնդությունն ու հստակ տեղակայումը, ըստ այդմ էլ կընտրվի քարափշրման մեթոդը։ Իսկ եթե շատ մեծ է քարը, այդ ժամանակ կարելի է դիմել բաց վիրահատական մեթոդներին։ Երիկամաքարային հիվանդությունը բուժում չունի, մենք այդ պահին քարն ենք վերացնում, այլ ոչ թե դրա առաջացումը։

— Ինչպե՞ս կարելի է կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը։

— Խնդրի զարգացման կանխարգելման գործում մեծ դեր ունի ջրի անհրաժեշտ պաշարների օգտագործումը, որպեսզի նստվածք չառաջանա։ Կիլոգրամ քաշին պետք է օգտագործել 30մլ ջուր, այսինքն քաշը բաժանել 0.03 և որոշել ջրի պաշարը։

Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում:

Կիսվել ձեր ընկերների հետ