Հայաստանի վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի հետ հանդիպում ենք երեկոյան՝ աշխատանքից հետո: Արդեն ավարտին պարզում ենք, որ երկուսս էլ բավական ծանր օր ենք ունեցել եւ հոգնել, սակայն զրույցի թելը մեզ աննկատ ամեն ինչ մոռացնել է տալիս, ու վայելում ենք միմյանց ներկայությունը:
BRAVO.am-ի համար Սանթրոսյանի հետ վերադառնում ենք նրա մանկություն ու հիշում տաղանդավոր հայրիկին, բացահայտում պատանի հանդիսատեսի առանձնահատկությունը, խոսում կյանքի դժվարություններից, որոնք թեեւ նրան քիչ չեն բաժին հասել, բայց ժպիտով է հաղթահարել, ու իմանում դուստրերի տաղանդի գաղտնիքը:
— Տիկին Արեւ, անունն ինչպե՞ս է բնորոշում մարդուն, ի՞նչ կա արեւային Ձեր մեջ:
— Նախ անվանս սկզբնաղբյուրից սկսենք: Երբ մայրիկս ինձ սպասելիս է եղել, որոշել են անունս Արուսյակ դնել, բայց երբ ինձ հիվանդանոցից տուն են բերել, եղբայրս նայել է բարուրին ու ասել. «Վա՜յ, մամա, էս ինչ սիրուն է, ոնց որ արեւ լինի»: Ու այդպես դարձել եմ Արեւիկ: Արեւային շատ որակներ ունեմ՝ լավատես եմ, փոքր բաներից ուրախացող, անգամ՝ արեւի լույսից: Գուցե, տարիքս արդեն բավական մեծ է, բայց էներգիաս ինձ չի դավաճանում, ինչի համար ուրախ եմ:
— Իսկ այդ լավ որակները Ձեզ ինչպե՞ս են օգնել, որ հաղթահարեք Ձեզ բաժին ընկած բավական շատ դժվարությունները:
— Հենց իմ լավատեսությունն է շատ օգնել, որ ամեն ինչի մեջ մի հետաքրքիր բան գտնեմ եւ կարողանամ դիմանալ: Շատ-շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց իմ մարդասիրությունն ու հատկապես՝ հումորի զգացումը եթե չլինեին, կարող էի խելագարվել:
— Փաստորեն Ձեր աղջիկներն իրենց պայծառությամբ ու հումորով Ձեզ են նմանվել:
— Պետք է ենթադրել (ծիծաղում ենք,- հեղ.): Չնայած՝ միշտ ասում են, թե ինչի իրենցից ոչ մեկի աչքերն իմ աչքերի գույնը չունեն:
— Մենք հանդիպել ենք Մալաթիայի Հայորդաց տանը, որտեղ աշխատում եք երեխաների հետ, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք այստեղ:
— 30 տարի առաջ աշխատանքի հրավեր ստացա Հայորդաց տան կողմից, թատերական խումբ ունեմ, որն անվանել ենք «Հումորիկներ», որովհետեւ իմ հումորը շատ է օգնում նաեւ բեմադրություններ անելիս: Երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, երբեմն ասում եմ՝ հոգնել եմ եւ ուզում եմ դուրս գալ, պատասխանում են. «Մեր Հայորդաց տան լուսավոր կետը Դուք եք, որ հեռանաք, ո՞նց կլինի»: Սա խմբակ չէ, այլ՝ ստուդիա, թեեւ բոլոր առարկաները ես եմ դասավանդում՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, խոսքի մշակույթ, էլ պար եմ պարապում հետները, էլ ինչ ասեք: Ու վատ չի ստացվում (ծիծաղում ենք,- հեղ.):
— Իսկ համատեղ աշխատանքը երկուստեք ի՞նչ է տալիս, Դուք ի՞նչ եք վերցնում երեխաներից:
— Երբ 30 տարի առաջ եկա, մեր լավ տնօրեն, լուսահոգի պարոն Սարգսյանն ասում էր. «Մալաթիան ո՞ւր, թատրոնն՝ ո՞ւր»: Ես կարողացա հեղափոխություն անել, միշտ հպարտությամբ եմ ասում, որ իմ սաներից շատերը զարդարում են հայ բեմերը:
— Իսկապե՞ս, իսկ ովքե՞ր կան նրանց թվում:
— Համազգային թատրոնից Ալլա Սաhակյանը, այ, այս հասակից եկել է ինձ մոտ (ցույց է տալիս փոքրիկ երեխայի,-հեղ.), Սունդուկյանի թատրոնից Արաքսյա Մելիքյանը, երկուսն էլ շատ տաղանդավոր էին: Շատ-շատերը կան, որոնք հիմա տարբեր թատրոններում են աշխատում: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ երեխաները հենց այնպես չեն գալիս ու բավական խորանում են այս գործում. մոտ 80 տոկոսը հետագայում շարունակում է կրթությունը:
— Իսկ ի՞նչ ներկայացումներ եք անում երեխաների հետ:
— Օյ, բավական մեծ խաղացանկ ունենք՝ սկսած Շեքսպիրից մինչեւ ժամանակակիցները: Անցյալ տարի Զորայր Խալափյանի «Եթե իմանայիր» պիեսն իմ ավագ սերնդի հետ որպես հրաժեշտի ներկայացում ենք բեմադրել: Շատերն էին հավանել ու համարում էին՝ պրոֆեսիոնալ մակարդակի է ստացվել: Մոլիեր ենք արել, Թումանյանի հեքիաթները հիմա նորից փոքրերի հետ եմ բեմադրում, որովհետեւ երեխաները նրա գործերն անպայման պետք է խաղան: Շուտով, ինչպես եւ ամեն տարի, մասնակցելու ենք «Նռան հատիկ» փառատոնին. երեխաները դրանից շատ են ոգեւորվում եւ նոր շրջապատ ձեռք բերում, մրցանակներ ենք շահել:
— Ո՞րն է Ձեր առաջին հիշողությունը թատրոնի ու մասնագիտության հետ կապված, վերադառնանք մանկություն, երբ փոքրիկ Արեւիկը որոշեց դերասան լինել:
— Դպրոցական տարիներից դասարանի ակտիվներից էի, բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցում էի, հիանալի արտասանում եւ լավ երգում: Արդեն բոլորը գիտեին, որ Արեւիկ Սանթրոսյանը պետք է դառնա դերասանուհի: Ես էլ գիտեի այդ մասին, քանի որ եղբորս հետ թատրոնում ենք մեծացել, կուլիսներում տեսել այդ հրաշագեղ աշխարհը, դերասաններին միշտ ուշադիր եւ սիրով եմ հետեւել: Այն տարիներին թատրոն գնալն իսկական տոն էր, խաղացանկն էլ՝ ահռելի: Առաջին անգամ բեմ բարձրացա ինստիտուտի 1-ին կուրսում, երբ այդքան էլ հեշտ չէր սովորելուն զուգահեռ խաղալ: Թատրոնում հուշարար էի աշխատում ու բոլոր ներկայացումներն անգիր գիտեի: Մի օր դերասանուհիներից մեկը չեկավ, եւ ես փոխարինեցի նրան, «Գիքոր»-ում առեւտուր անող կնոջ դերում էի: Դողալով մտա ու խաղացի, ընդ որում՝ հայրիկիս հետ էր տեսարանը: Բախտս բերեց, որովհետեւ դա էր պապայիս հետ ունեցած միակ դերս. նա շատ շուտ մահացավ: Երբ ներկայացումը վերջացավ, բոլորն ինձ գրկեցին ու շնորհավորեցին, ասացին. «Դու չէ, բայց հայրդ լավ հուզված էր» (ծիծաղում ենք,- հեղ.): Շատ սիրել եմ թատրոնն ու մինչ օրս նվիրված եմ նրան:
— Իսկ Ձեր հայրիկը՝ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանը, ինչպիսի՞ դերասան էր ու ի՞նչ եք սովորել նրանից:
— Առանց չափազանցնելու՝ հայրիկս մեծ դերասան էր, նա Պատանի հանդիսատեսի թատրոնում համարյա թե ստեղծման օրվանից եղել է, մեծ կտավի դերասան էր: Այնպիսի դասական ու մեծ գործերում է խաղացել, ինչպիսիք են «Քաղքենիները», «Բեկումը», «Հորձանուտը»: Արտակարգ բարի մարդ էր, ընտանիքին չափազանց նվիրված: Հայրիկը կարծում էր, որ դերասանի երեխան պետք է դերասան լինի:
— Ձեր եղբոր՝ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հետ ավելի շատ եք խաղացել, ինչպե՞ս եք միասին զգում բեմում եւ օգնում իրար անհրաժեշտ պահին:
— Մեր թատրոնում մի լավ ներկայացում կա՝ «Հիշիր վաղվա օրդ», որում գլխավոր դերերում ես ու եղբայրս ենք՝ ամուսիններ ենք: Սիրով ենք խաղում եւ օգնում իրար, նա շատ խիստ է ու մի փոքրիկ սխալի դեպքում անգամ զգուշացնում է, այնպես որ, ինձ համար նաեւ պատասխանատու է միասին լինել բեմում: Երկուսս էլ շատ պարտաճանաչ ենք եւ ուշացումներ չենք ունենում, ինչը հատկապես բնորոշ է մեր երիտասարդներին:
— Թատրոնը եւ դերասաններն ինչպե՞ս են փոխվել ժամանակի ընթացքում:
— Անկեղծ ասեմ, երբ մենք ինստիտուտն ավարտելուց հետո գնում էինք թատրոն, անմիջապես դերերի շարք չէին հրամցնում՝ անկախ նրանից, թե ում աղջիկն ես, պիտի ինքդ քո ճանապարհը հարթեիր: Մոտ 3-4 տարի զանգվածային տեսարաններում էինք խաղում, հետո կամաց-կամաց գլխավոր դերեր ստանում: Հիմա երիտասարդները չեն դիմանա այդ ամենին, բացի այդ էլ, գլխավոր դեր խաղալուց հետո զանգվածային տեսարաններից են հրաժարվում: Նախկինում ո՞վ իրավունք ուներ նման բաներից բողոքել: Բայց շնորհքով դերասաններ բոլոր ժամանակներում են լինում, շատ դեմ եմ, որ Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը վճարովի է, այդ դեպքում ամեն ինչ խառնվում է իրար: Երբ մենք էինք ընդունվել, կուրսում ընդամենը 10 հոգի էինք, հիմա 4 կուրս են հավաքում, բնականաբար, եթե մի տարում 60-70 դերասան է սովորում, չեն կարող բոլորը լավը լինել:
— Այդ դեպքում ի՞նչ անել, եթե մարդիկ ցանկություն ունեն սովորելու:
— Հիմա ֆիլմերն ու սերիալներն են մեր երիտասարդներին մի քիչ փրկում, բայց նաեւ վատ դրության մեջ են դնում՝ միանգամից համարում են, որ դա է դերասան լինելը: Միշտ ասում եմ՝ դերասանությունն այդքան էլ հեշտ բան չի:
— Բայց Դուք էլ նկարվում եք սերիալներում ու ֆիլմերում, շատ ակտիվ եք այդ առումով:
— Սերիալներում նկարվում եմ, որովհետեւ արդեն տարիքս առած եմ եւ ուզում եմ ամեն ինչ անել ու հասցնել: Բայց ամեն դերի չէ, որ համաձայնում եմ. դրամատիկ կերպարներ եմ ընտրում, որոնք ասելիք ունեն: Հիմա որակով ու լավ երեխաների են հրավիրում նկարահանվելու, որոնք բավական հաջող են խաղում: Առաջին սերիալներից մեկում նկարվողներից եմ եղել, դրա համար հիմա տարբերությունը լավ եմ տեսնում, ինչի համար ուրախ եմ: Որ մի քիչ էլ պատասխանատու լինեն ու տեքստը նայած գան, չասեն՝ «ռեքը տվեք, մի բան կանենք»՝ ավելի լավ կլինի:
— Վերջերս «Սեւազգեստ կանայք» ֆիլմի դրվագներից մեկում տեսա Ձեզ, բավական տպավորիչ եք ստացվել: Ինչպե՞ս փոքր դերը մեծ դարձնել:
— Դա էլ հեշտ չէ, երեւի, տարիների վարպետություն է պետք, որ կարողանաս ճիշտ պահը որսալ, մի թեթեւ խոսքով ու ժեստով հավաքել կերպարդ: Փոքր դերում խաղալն ավելի բարդ է, քան մի կարգին, խելքը գլխին կերպարում, որովհետեւ շատ ժամանակ չունես:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
