«Առաջինը Արամն էր, հետո՝ մյուսները: Հասկացա, որ ինձ ճանաչում ու սիրում են…Տարբեր բիզնես նախագծերում ձախողվել ու կրկին վերադարձել եմ երգի ասպարեզ». Գրիշա Ասատրյան

tert.am/life. «Սկսել եմ երգել 5 տարեկանից, իսկ թե քանի երգ ունեմ մինչ օրս, կդժվարանամ պատասխանել, չեմ հաշվում»,- «Ներս արի» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ Գրիշա Ասատրյանը՝ Արամ Ասատրյանի թոռը:

Երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Ասատրյաններ ազգանունը կրելը:

«Մեծ պատասխանատվություն կա իմ ուսերին, բայց այդ ամենը սիրով ու հպարտությամբ եմ առաջ տանում: Արամ Ասատրյանի ֆենոմենը, կարծում եմ, նրա անկեղծությունն էր, որն ակնհայտ է իր բոլոր երգերում: Փորձում եմ հնարավորինս ես էլ անկեղծ լինել բեմի վրա, երգերիս մեջ: Ըստ իս՝ հաջողության գրավականը անկեղծությունն է»:

Գրիշա Ասատրյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե Ասատրյաններից ում վարկանիշն է ամենաբարձրը՝ Արամից հետո, միայն կարճ արձագանքեց.

«Առաջինը Արամն էր, հետո՝ մյուսները: Հասկացա, որ ինձ ճանաչում ու սիրում են 2015-2016թ-ից, երբ Երևանում ունեցա իմ առաջին մենահամերգը, նկարեցինք ու հանձնեցինք ժողովրդի դատին, շատ ջերմ արձագանք ստացանք: Դրանից հետո սկսեցի ավելի պրոֆեսիոնալ զբաղվել երգով, 2 համերգ ունեցա ԱՄՆ-ում, շրջագայություն՝ Ռուսաստանում, ևս 1 մեծ մենահամերգ՝ Համալիրում, զգացի, որ երգն իմն է»,- նշեց երգիչը, ով մասնագիտությամբ ջութակահար է:

Գրիշան անկեղծացավ, որ իրեն փորձել է տարբեր բիզնես նախագծերում, ձախողվել ու կրկին վերադարձել երգի ասպարեզ: «Կարծես Աստված ինձ ուղորդեր, ասեր՝ ուրիշ ոչ մի բան մի փնտրիր, սա է քո ճանապարհը»:

Գրիշան պատմեց, որ հիմնականում աշխատում է իր ընկեր, տաղանդավոր երգահան Գուրո Գասպարյանի հետ: «Նրա հետ նաև ձայնագրել ենք 10 երգից բաղկացած ժողովրդական ալբոմ, արդեն նկարահանել ենք ամբողջ նախագիծը և շուտով կհանձնենք ժողովրդի դատին: Կարծում եմ, սիրվելու է, քանի որ 2 տարի անխնա ջանք ու եռանդ ենք ներդրել նախագծի մեջ: Ես շատ կարևորում եմ ժողովրդական երգն ու ամեն ինչ կանեմ, որ այն չպակասի իմ երգացանկից: Շատ բծախնդիր եմ, դա է պատճառը, որ շատ տեսահոլովակներ չեմ նկարում: Առաջինը ինձ պետք է դուր գա»,- ասաց երգիչը, ու տեղեկացրեց, որ առաջիկայում նոր նախագծեր ու պլաններ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:

Կիսվել ձեր ընկերների հետ