ՎԻՎԱՍԵԼ-ի բաժնետոմսերի 20%-ն անցավ Կառավարությանը. այն կկառավարի Փաշինյանի աշխատակազմը

Կառավարության նիստում գործադիրը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձանագրեց, որ որպես նվիրատվություն ՀՀ-ն «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոսին համարժեք՝ 110,000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը կվերապահվի վարչապետի աշխատակազմին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս ռազմավարական ոլորտում ժողովուրդն ի դեմս ՀՀ-ի հեռահաղորդակցության ոլորտում մասնակցություն ունի։

«Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կառավարությունն այդ նվիրատվությունն ընդունելով՝ ուղերձ է հղում այլ ընկերություններին։

Կիսվել ձեր ընկերների հետ