Արդյո՞ք 2022-ին զոհված Շիրազ Խաչատրյանի մարմինն է փոխանցել Ադրբեջանը

ԱԱԾ-ն այսօր հայտարարություն տարածեց նշելով, որ ադրբեջանական կողմն այսօր՝ հունիսի 21-ին, հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 33-ամյա Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականին։ Նրա մարմինը մնացել էր միջդիրքային հատվածում։ Ադրբեջանը թույլ չէր տալիս նրա մարմինը դուրս բերել Կուտականի հատվածում տեղակայված դիրքից։

Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել զոհված պայմանագրայինի ընտանիքի անդամների հետ՝ պարզելու, թե արդյոք ՊՆ-ից որևէ մեկն իրենց հետ կապ հաստատե՞լ է, կամ ԴՆԹ փորձանմուշ հանձնելու առաջարկ ստացե՞լ են, որպեսզի նույնականացնեն մարմինները, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Սարգիս Նշանյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ տեղեկությունը իմանալուն պես այսօր հանդիպել Շիրազ Խաչատրյանի կնոջ՝ Մարիամի հետ, սակայն, պարզվել է, որ որևէ մեկը զոհված պայմանագրայինի ընտանիքի հետ կապ չի հաստատել։

«Շիրազի հայրն այս պահին Հայաստանում չէ, Ռուսաստանում է՝ մյուս որդու մոտ։ Կինը ասաց, որ իրենց ոչ մեկ, ոչինչ չի ասել, կամ էլ կապի խնդիր կա, որ չեն ասել…»։

Ավելի վաղ զոհված պայմանագրայինի կինը հարցազրույցներում նշել էր, որ իջնում է բակ, նայում դիրքերին ու խոսում Շիրազի հետ»։

Նշենք նաև, որ Շիրազ Խաչատրյանն ամուսնացած էր, ունի 2 երեխա։

 

Կիսվել ձեր ընկերների հետ