Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։
Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո քաշքշուք և հրմշտոց սկսվեց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների վնասվածքներ են ստացել։