Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Երբ ասում ենք, որ կանխատեսվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հյուսիսային շրջաններում, առանձին հատվածներում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Նա տեղեկացրեց, որ հունիսին առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանը կմոտենա մինչև +36 աստիճանի, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կանխաեսվում է +34․․․+36 աստիճան։
Գագիկ Սուրենյանը նաև հայտնեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։
Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։