Պետք է ուշադիր լինենք, բայց ինքնախարազանման տրամաբանության մեջ չմտնենք․ Փաշինյանը՝ Լոռու աղետի մասին

Պետք է ուշադիր լինենք, բայց ինքնախարազանման տրամաբանության մեջ չմտնենք, իմ ասածն այն է, որ բարձրացնենք հարցեր և ստանանք հարցերի պատասխանները:

Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում տեղի ունեցած աղետին։

«Մենք մեր ստանդարտներին պետք է լրջորեն անդրադառնանք, բայց մյուս կողմից բարձրագույն ստանդարտներ ունեցող երկրներ կան, որտեղ երեք տարին մեկ անգամ աղետը նույն բնակավայրերը հողին է հավասարեցնում։ Այստեղ պետք է ուշադիր լինենք, բայց ինքնախարազանման տրամաբանության մեջ չմտնենք, իմ ասածն այն է, որ բարձրացնենք հարցեր և ստանանք հարցերի պատասխանները»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ Սանահինի կամրջին, որն աղետից չի տուժել։

«7-րդ դարի կամուրջ է չէ՞, ինչի՞ ոչ մի բան չի եղել, որովհետև բարձր է կամուրջը և հիմքերը դրված են 2 մեծ ապառաժի վրա և լայնք ունի։ Այսինքն, ջուրն ինչքան էլ բարձրանա, ենթադրում եմ 4-րդ, 5-րդ դարերում էլ են այնտեղ ջրհեղեղներ եղել և այն ժամանակ մարդիկ ջրհեղեղներից ավելի են վախեցել և իրենց հիշողությունը գուցե ավելին է, քան մեր ինստիտուցիոնալ հիշողությունը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե որոշեն՝ առաջիկա հնգամյակում պետք է մեր բոլոր ճանապարհները բերեն բարձր ստանդարտի դա ոչ թե անիրատեսական է, այլ նույնիսկ չարժի դրա մասին մտածել, բայց պետք է սա ի գիտություն ընդունենք։

«Եվրոպայում առնվազն այն գետերում, որտեղ ջրերի հոսքերի մեծ աճեր են ջրհեղեղային տրամաբանությամբ արձանագրվել, այդպիսի կամուրջ չկա, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ։ ՀՀ-ում մենք մեկ հատ այդպիսի բան չունենք, չնայած մենք շատ քիչ կամուրջներ ունենք, որոնք հենց գետերի մեջ հիմքեր ունեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ճանապարհներին, վարչապետը նշեց, որ ճանապարհներ ունենք, որ անձրևի, ձյունի, քամու սեզոնին ու անհանգստացնում են։

«Մեկ էլ տեսնում ենք քարաթափում եղավ, սրանք հարցեր են, որոնք շատ լուրջ վերլուծության կարիք ունեն։ Էլի ստանդարտի հարց է, բայց մենք գիտենք՝ ինչքան ստանդարտը մեծացնում ենք, այնքան գինը աճում է։ Մենք փորձում ենք գին-ստանդարտ հարաբերակցությունն այնպես կարգավորել, որ կարողանանք նաև իրագործել»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ գետերի աղտոտվածության խնդրին՝ նշելով, որ գետի հունի մեջ անտառ է, հետևաբար, եթե վարարի, տեղ չունի հոսելու գետը և դուրս է գալիս հունից ու կողքերով է հոսում։

«Մինչև հիմա, երբ ասել են գետերի հունի մաքրում, ես միշտ պատկերացրել եմ, որ պետք է աղբից մաքրել, բայց իրականում կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է։ Բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեր, որ հունը մաքրվեր»,- ասաց նա։

Կիսվել ձեր ընկերների հետ