ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ երրորդ օրվա աշխատանքները վերսկսում են։
«Երեկ երեկոյան տեղումներ ունեինք, բայց այնուամենայնիվ լուսաբացին նախորդ օրվա համեմատությամբ 35 սմ գետում ջրի մակարդակի նվազում ունենք, ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը: Երեկ երեկոյան կրկին աշխատանքների բաժանում ենք իրականացրել տարբեր հատվածներում տարբեր ուղղություններով՝ երկաթգիծ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, քաղաքի մաքրման աշխատանքներ, գույքագրման աշխատանքներ, սննդի մատակարարման աշխատանքներ:
Թիմերը բաժանված են, յուրաքանչյուրն իր աշխատանքով փորձում է իրեն տրված հանձնարարությունն իրականացնել»,-ասել է նախարարը:
Նշենք, որ Գնել Սանոսյանը աղետի գոտում է և անձամբ է հետևում աշխատանքներին:
