Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատի հրշեջ-փրկարարները, Երևանի գնդի պարեկներն ու Երևան 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արման Խալաթյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մկրտչյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում թիվ 35 երթուղին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոց։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։