Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-29-ին

Էջմիածնի Մայր Տաճարն այս տարի վերաօծվելու է։ Այս մասին հաջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի իրականացվող ակցիայի ժամանակ հայտնեցին հոգևորականները։

«Ուրախ ավետիս ունեմ ամենքիդ հայտնելու․ որոշում կայացվեց, որ այս տարվա սեպտեմբերի 28-ին և 29-ին պիտի կատարվի յուրաքանչյուրիս համար այդքան սպասված Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Փառք տանք Աստծուն, որ հետաձգման առիթներ չլինեն»,-հայտնեցին հոգևոր հայրերը։

Նշենք` ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հաղորդվել է, որ ժողովականները նաև այցելել են Մայր Տաճար և ծանոթացել հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։

Կիսվել ձեր ընկերների հետ