«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են»…Հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը…Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս», — մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս:

Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ. միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում մենահամերգից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգ. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է:

«Իմ գրած երգերից միայն մի քանիսը, ավելի ճիշտ, շատ քչերն են, իմ կարծիքով, արտասովոր: Երբեք հավակնություն չեմ ունեցել յուրօրինակ մեկը երևալ: Այո՛, ինձ ծանոթ են հաջողության արբեցնող ազդեցությունն ու աստղային պահվածքը (մեծ ոգևորությանս պատճառը միայն այն էր, որ երկար էի սպասել աստղային ժամիս), բայց այդ ամենն անցողիկ է»,-«Կյանքից կառչած» գրքում ասում է շանսոնյեն:

Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի, Խուլիո Իգլեսիասի և այլ մեծանուն երգիչների հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ:

Ազնավուրը 1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009-ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Անցած օրեր», «Կյանքից կառչած», «Մեղմ շշուկով» հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:

Ներկայացնում ենք հայ ազգի մեծագույն որդիներից մեկի՝ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մտքերից մի քանիսը։

Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը:

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս:

…Հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով:

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է։

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով: Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռեհիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»:

Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք:

Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում:

Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը:

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:

Կիսվել ձեր ընկերների հետ