Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. Էրդողան

Մենք գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար», — ասել է նա:

Նախօրեին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգը:

«Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին: Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը նոր պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Դրանք այն համայնքներն են, որոնց հարակից տարածքները, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում Վրաստան տանող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Ավելի վաղ՝ մարտին, Փաշինյանը Տավուշում հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջածը չտալու դեպքում պատերազմ կլինի։

Կիսվել ձեր ընկերների հետ