Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե ու արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն անդրադարձել է Հռիփսիմե Խուրշուդյանի՝ կարիերան ավարտելու մասին ակնարկին։
«Հռիփ ջան հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ…
Իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։
Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։ Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կընտրես քեզ համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի մարզուհին։
Եվրոպայի առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից վերադառնալուց հետո չէր բացառել, որ կարող է մասնակցել նաև աշխարհի առաջնությանը։